понедельник, 17 октября 2011 г.

Անհավանական պատմություն կամ հայկական հարսանիք Իտալիայում

Այս պատմության հեղինակը Մարիամն է, ով վերջերս երկար ու տանջալից փորձանքներից հետո հայտնվեց Իտալիայում` մասնակցելու իր քրոջ հարսանիքին: Պատմությունը որոշակի փոփոխություններով ներկայացնում ենք ձեր ուշադրությանը: 


Մաս 1ին: Վայրէջք Մարկո-Պոլո օդանավակայանում
ՈՒղիղ չվերթով մենք վայրէջք կատարեցինք Վենետիկում, ուր մեզ էին սպասում ապագա նորապսակները: Ճիշտ են ասում, որ երբ մարդ սոված  է լինում, կամ այլ բնական պահանջներ է ունենում, աչքին ոչ մի բան չի երևում: Բայց դե հո զոռբա չենք, որ միանգամից մեր պահանջները լուծենք: Նախ պետք էր հանդիպել խնամիներին, ովքեր մեզ էին սպասում հյուրանոցում: Հյուրանոց հասնելն էլ էնպես չի, որ ձեռքով մարշրուտկա կանգնեցնես, մի կես ժամից տեղ հասնես և իսկապես ուրախանաս, որ տեղ ես հասել, կարող ես պրոպկայից հետո շունչ քաշել:
      Պարզեցինք, որ Վենետիկը կազմված է երկու մասից` սովորական Վենետիկ և բուն Վենետիկ, որը մենք տեսել ենք նկարներով` շենքերը ջրի տակ, նավակներն այս ուայն կողմ ցրված(միշտ էլ ինքներս մեզ հարց ենք տվել` այ մարդ, բա էս ոնց են անում, էս ոնց սիրտները չի կանգնում, էս ոնց օստեոխոնդրոզ չեն ընկնում և այլն):


Նկարներն օրիգինալ են
  Երբ նավը քեզ ծառայում է որպես մարշրուտկա, ուզում ես ինչքան հնարավոր է ուշ տեղ հասնես, ականջիդ տակ գոռացող չկա, ոտքերդ տրորող չկա, դուռը կամաց կամ ուժեղ փակելու կարիք էլ չկա ու չկա:
  Վերջը հասանք հյուրանոց, մեզ դիմավորեցին մեր իտալացի խնամի-բարեկամները: Բայց էնպես չի, որ չլմփացնելով հարձակվեցին ու անխնա կոմպլիմենտներ արեցին: Շատ զուսպ ու քաղաքավարի հրավիրեցին սրճարան` զրուցելու:
Ինչի մասին կարող են զրուցել հայն ու իտալացին` ԱՄԵՆ ԻՆՉԻ:
Եվ այսպես, մենք զրուցում էինք, ինչպես կարող են զրուցել միմյանց առաջին ու վերջին անգամ տեսնող խնամիները, մի բառ անգամ չէի հասկանում այդ իտալերենից, բայց հայավարի ժպտում էի, գլխով էի անում, երբ որ դրա կարիքը կար կամ չկար: Քույրս հաճախ սեղանի տակ ոտքս էր տրորում, ինչը կամ նշանակում էր` քիչ կեր, կամաց կծի, կամ էլ` էստեղ բնավ գլխով անելու կամ ժպտալու կարիք չկար, մարդը տխուր բան էր պատմում: Այս մի փորձությունը ավարտած, մի ուրիշն սկսվեց:
Սան Մարկոյի հրապարակ: Մարդ մոռանումէ, թե ինչի համար է եկել, ափսոսում է, որ կյանքն այսպես անիմաստ ու փուչ է անցնում, մինչդեռ այնքան գույներ կան, որ ոչ բոլորին են հասանելի...
Իմ այս զեղումները կիսատ մնացին այն պարզ պատճառով, որ չորսամյա տղաս զուգարանի կարիք ուներ: Բնական պահանջ, որ երեխաների մոտ ի հայտ է գալիս ամենաչսպասված վայրում ու ժամին: Դե սա Հայաստանը չէ, որ կկարողանաս վայրի բնության կամ շենքերի արանքում երեխայի պետքերը հոգաս, ախր սա հին մշակույթի կենտրոնն է, ավելին` Սան Մարկոյի հրապարակը, որտեղ զուգարաններ չկան... Եվ այստեղից սկսվեցին մեր հայավարի տանջանքները:
   Մեր նոր խնամիները վազում էին Սան Մարկոյի հրապարակով, ես էլ նրանց հետևից` գտնելու մի սրճարան, որտեղ կթույլատրվեր վերջ դնել այդ տանջանքին... Կեսժամյա փոթորկալից փտրտուքներից հետո գտանք մի սրճարան, որտեղից մեկ բաժակ ջուր առանք, ամենաէժան բանը, որպեսզի մեզ թույլատրեն օգտվել զուգարանից: Երանությամբ խմեցինք այդ մի բաժակ ջուրն ու.... կեցցե ազատությունը, կեցցե Իտալիան:
    Միանգամից փոխվեցին աչքիս բոլոր գույները, Սան Մարկոյի հրապարկը դարձավ ավելի ընդարձակ ու հիասքանչ, մեր խնամիները` ավելի բարի ու գեղեցիկ: ՈՒ ես սկսեցի վայելել Իտալիան` չքնաղ ու անկրկնելի....


Շարունակելի: 

5 комментариев: