Personal

Դու վախկոտ ես, վախկոտ....Վախենում ես հասարակ բաներից. ասել, թե ինչ են պարտավոր ուրիշները, խոսել նրանց պարտականություններից: Նրանք էլ են վախկոտ, բայց գողեգող կարող են հասնել սարի ծայրին ու այնտեղից քեզ լեզու ցույց տալ, քրքջալ քո անմիտ վախերի, սարսափած հայացքի ու հիմար, ծռմռված ժպիտի վրա:

 Դու քայլում ես, բայց միշտ մի վախ կա, որ քեզ հետևում են, քո թիկունքին են նայում, միշտ պատրաստ` քո չարածները երեսովդ տալու, միշտ պատրաստ քո վախը աչքդ մտցնելու: Վախենում ես` մի անգամ էլ ինքդ քեզ համար ապրես, ներսդ նայես ու վաստակած հանգստությամբ մոռանաս աշխարհիկ վախերի ու այլանդակ քրքիջների մասին....Վախենում ես, քանի որ մտածում ես` սա էլ անեմ, սա էլ անեմ, հետո նոր ժամանակ կգտնեմ ներսս նայելու, ինքս ինձ զննելու, ինքս ինձ հասկանալու, ինքս ինձնով ապրելու համար: Բայց ժամանակ չկա, ժամանակն էլ, տարածությունն էլ հոգնել են քո անիմաստ վազքից, անիմաստ վախերից ու անհանգիստ կյանքից...
-Ինչ անեմ, Աստված իմ, ինչ անեմ...՚ Միակ լավագույնը, որ կարող է արդարացնել քո վախը, այդ անճարակությունը, անվստահությունն ու պատեպատ ընկնելը... Դու շոշափիր պատերը, բայց հանկարծ չհաղթահարես այդ զզվելի վախն ու վերև չնայես` տեսնելու արևի լույսը, աշխարհը, երկինքն ու մոխրագույն ամպերը, որ մի անգամ են տրվում այս կյանքում:
Էլի կքայլես նույն արահետով, նույն փոշոտ մայթերը կլինեն, նույն քարերն ու միալար անձրևը, բայց դու արդեն ինքդ քեզ չես հարցնի` ինչ անեմ, Աստված իմ, ինչ անեմ, քանի որ ուշ, շատ ուշ կլինի ինչ-որ բան անելու համար: Կդողան ծերացած մատներդ, արևի լույսն էլ խավար կթվա, ու կհասկանաս, որ այն աշնան տերևի նման քո հերթն էլ եկավ ծառից ընկնելու, ու ինչ..... Վախը, այդ մեծ վախը դեռ քարշ ես տալիս քեզ հետ դեպի անհայտություն, այն վախը, որ անջատում է քեզ կյանքից, այն վախը, որ ծերացրեց քեզ ու վատնեց ժամանակդ, հույսերդ, լույսերդ ու սերդ....................................
Մնաս բարով, վախ, ես դեռ չեմ ծերացել..............