среда, 19 октября 2011 г.

ՄԱՍ 2. Ոտաբոբիկ վերադարձ հյուրանոց

Առաջին գիշերը, քնելով իտալական անամպ երկնքի տակ, փորձում էի վերհիշել իմացած և չիմացած անգլերեն բառերս, որոնք կապված էին ուտելիքի և առնելիքի հետ` բրեդ, բաթը, միլք, քոֆի և այլն: Բայց այնքան էլ շատ բան չհասցրի հիշեմ, մի լավ քնեցի և առավոտյան վեր կացա: Քանի որ հյուրանոցում նախաճաշ էին տալիս, իջանք նախասրահ: Բայց պետք էր մտածել նաև ճաշի, ընթրիքի և 12-ից հետո սկսվող հայկական մի այլ ճաշի մասին, որ կարելի է կոչել կեսգիշերային տարօրինակ սով:  Այդ իսկ բնական պատճառով մենք հայավարի հավաքեցինք ճոխ նախաճաշի սեղանից մնացած թարմ և ախորժելի  ուտելիքները, ինչ ուզում են, թող մտածեն, մեզ էստեղ ով է ճանաչողը...
   Երբ որ վայելում էի իտալական սուրճի վերջին կաթիլները, հյուրանոցի աշխատողներից մեկը արագ եկավ և ինձ փոխանցեց հեռախոսը, քանի որ մենք իտալական քարտ չունեինք, քույրս մոռացել էր այն մեզ փոխանցեր: Հեռախոսից այն կողմ իմ քույրը գործնականորեն բացատրում է, թե ես ինչպես կարող եմ իրեն հանդիպել Piazza De Roma եկող նավի վերջին կանգառում:  Քանի որ իմ քեֆը շատ լավ էր, ես մուննաթ եկա քրոջս վրա` ասելով, որ սա իր համար ցիրկից մասսիվ բարձրանալը չէր:
   Քրոջս փոխադարձ ավելի զորեղ մուննաթն ինձ ստիպեց մտածել, որ ես պետք է անեմ այդ բանը. անգլերենով յոլա գնամ ու գտնեմ  այդ կանգառը, միայն նրան ապացուցելու համար, որ Ինքը իրեն շատ է երևակայում...
   Եվ այսպես, իքնս ինձ թափ տվի ու առաջ անցա: Անցնելով Ադրիատիկ ծովի ափի երկայքնով շարված բոլոր նավերի մոտով` ես գժի տպավորություն էի թողնում` մի կանգառից մյուսը վեր ու վար անելով, քանի որ 1 համարի նավը գտնելու համար մեկ վերևի կանգառ էին ուղարկում, մեկ` ներքևի:
   Մեկ ժամանոց   վարուվերից հետո վերջապես գտա համապատասխան  նավը, որ ինձ պիտի տաներ քրոջս մոտ:  Այստեղ ես նոր հիշեցի, որ հայ եմ, հայի բախտն էլ պոչիցս կպած էր. հենց 1 համարի նավերն էին գործադուլ անում և մինչև կեսգիշեր չէին աշխատելու: Ինձ բացատրեցին, որ պետք է տաքսի նավով գնամ, այլընտրանք չկար: Թքելով փողի վրա` ես տաքսի նավ նստեցի` մտքումս կրկնելով, որ ես հաջողակ եմ, ես կգտնեմ քրոջս ու մի լավ կծիծաղեմ նրա վրա:  Հասա կանգառ:
   Քույրս չկա: Նորից այս ու այն կողմ էի վազվազում` փորձելով հեռախոս գտնել, բայց ոչ մի օգնություն. կամ չէին հասկանում իմ բլբլոցը, կամ էլ իրենց էին դնում անհասկացողի տեղ: Վերջը ով օգնեց` մի սևամորթ... Երևի նա էլ էր կյանքում նման իրավիճակներում հայտնվել: Հազիվ էր քույրս պատասխանել, երբ մենք հեռախոսի երկու ծայրերում սկսեցինք գոռալ` ուր ես:    Պարզվեց`  1 համարի տաքսի նավերն այս երկրում ուրիշ կանգառ ունեն... Վերջապես գտա քրոջս, վերցրի հարսանեկան ծաղկեփունջն ու շորը, որ պետք է տանեի հյուրանոց ու հարսանիքի օրը հետ բերեի:
   Ինձ ուղեկցող ընտրվեց քրոջս ընկերուհին, ով իրեն գիդի տեղ էր դրել: Երևի շատ տանջված տեսք ունեի, դրա համար էլ նա ինձ առաջարկեց հյուրանոց հասնել շատ կարճ, 2 րոպեանոց ճանապարհով: Խնայողություն անելով` ես համաձայնվեցի մի փոքր քայլել` չնայած արդեն ահավոր հոգնած էի:
  Իմ կատաղությունը հասավ իր գագաթնակետին, քանի որ գնում էինք, գնում, բայց տեղ չէինք հասնում: 2 րոպեն տևեց 2 ժամ ու կես, իսկ ես, անիծելով բոլոր տեսակի ճանապարհները, հանեցի կոշիկներս, թևատակիս դրեցի հարսանեկան շորն էլ, ծաղկեփունջն էլ ու ոտաբոբիկ հասա հյուրանոց: Պարզ է` հյուրանոցում բոլորը պատուհաններից, դռներից ինձ էին նայում, և մարդկանց դեմքերի արտահայտությունը լիովին համապատասխանում էր այս արտահայտությանը.<<քրիստոսի հայտնությունը ժողովրդին>>...

Շարունակելի

2 комментария: