вторник, 14 декабря 2010 г.

Տարեկան հաշվետվություն



         Այս մի տարին էլ գլորեցինք, բան չմնաց: 2010-ի ավարտին ամփոփում եմ այն ձեռքբերումները, որոնք գրանցեցինք տեղեկատվական այս դարում (ուրիշները բնակելի թաղամաս են կառուցում, գլոբալ հիմնախնդիրներ լուծում, իսկ մենք ուրախանում ենք ահա այսպիսի բաներով)...


Գովազդ չլինի, բայց նոր  բջջային օպերատորը, որը ոչ միայն օպերատոր է, վերջապես մուտք գործեց այս հեռավոր սահմանամերձ շրջանը(վերջին բառերը հաճախ օգտագործվում են այն պարագայում, երբ ուզում ենք ասել, թե ինչքան ենք հետ մնում աշխարհիկ նորություններից, ինչ աշխարհագրական բախտ ունենք ու ինչքան ենք ուշադրության կարոտ)...
Բերդում  բջջային հեռախոսը գյուտ չի համարվում, <<Օրանժն>> այս առումով նորամուծություն չարեց. կարևորը նոր որակով ու արագությամբ ինտերնետի մուտքն էր, որ մինչև վերջերս  գյուտ էր մեզ համար: Վերջապես, սկայպն իր գործը կանի համենայն դեպս ոչ նախկինի  պես. կարող եք խոսել արտերկրի մեր հայրենակիցների հետ, կարող եք տեսնել նրանց առանց կտրտված կադրերի ու ավելորդ դեպրեսիայի: Սա մեկ ձեռքբերում: 
Երկհարկ, եռահարկ խանութների առատությունը ձեռքբերում չեմ համարի, դրանք դեռ կավելանան, կավելանան նաև դրանց գլխի հարկերը: Կարևոր էր մեզ համար կինոթատրոնի բացումը, երեխաների աղմուկ-աղաղակը, մնում է միայն, որ գալիք տարում աշխատանք տարվի կինոթատրոնից  ոչ ճիշտ օգտվողների էթիկայի և վարվեցողության  վրա:   
Կիսաձեռքբերում եմ համարում նաև գովազդային վահանակի տեղադրումը քաղաքի կենտրոնական փողոցում, ինչը ևս մեկ քայլով մոտեցրեց մեզ քաղաքի կարգավիճակին` չնայած այն հանգամանքին, որ ուժեղ քամիների ժամանակ այն ծածանվում է և առանձնապես գովազդի տարրեր էլ չի պարունակում: Սա իմիջիայլոց, մեղավորը ես եմ, որ մի քանի տարի միայն գովազդների ուսումնասիրության վրա եմ ծախսել:  ՈՒզում եմ մի կարևոր ձեռքբերում էլ նշել, որ ցանկս աղքատիկ չլինի, ուզում եմ, բայց չեմ հիշում: Մտքիս մեջ միայն պտտվում է` << եթե սա լիներ, ինչքան լավ կլիներ, իսկ եթե սա էլ լիներ, իսկ այս մեկը>>...


Հ. Գ. Ով էլ կհիշի, թե էլ ինչ ձեռքբերումներ է ունեցել մեր քաղաքը, կարող է ցանկս հարստացնել: Դե, սպասում եմ:

Комментариев нет:

Отправить комментарий